«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
ՔՊ խմբակցության ղելավարը վստահեցրեց՝ Աննա Վարդապետյանը կուսակցական չէ, հետևաբար, ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները։
«Դուք հարցնում եք անաչառության մասին, մենք ունեցել ենք էլի թեկնածուներ, որտեղ այս դիտարկումը ևս արել են, բայց ես կարծում եմ, որ այդ դիտարկումները չի կարելի պրոյեկտել բոլորի վրա: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա խմբակցությունը քաղաքական մարմին է։ ԱԺ-ն քաղաքական մարմին է, և որեւէ մեկը կարող է ասել, որ եթե ձեր խմբակցությունն է առաջադրում և ընտրում, ապա դրանով չի՞ ստացվի, որ թեկնածուն ինչ-որ առումով ձեզնից կաշկանդված է: Եթե դրանով առաջնորդվենք, ապա խեղաթյուրվում է ընդհանրապես պառլամենտարիզմի էությունը»,- շեշտեց նա։
Հարցին, թե իշխող ուժը դգհո՞հ է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, որ նրան չառաջադրեց, Կանջորյանն արձագանքեց․ «Պետք է հասկանալ՝ ոչ թե ում չենք ուզել, այլ ում ենք ուզել նշանակել»։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում քննարկում էր առաջադրել Աննա Վարդապետյանի և ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները։ Armenia Today-ն այս հարցը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ուղղել էր ՔՊ խմբակցության քարտուղարին, վերջինս ասել էր, որ երբ որոշում լինի, հանրությանն այդ մասին կհայտնեն։
Ի դեպ, հանրությանն Աննա Վարդապետյանը հայտնի էր դարձել իր սկանդալային արարքով։
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։ Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի և քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր։