Եվրոպայի խորհուրդը Հայաստանի գլխավոր գործընկերներից է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ ԵԽ-ի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից ՀՀ-ի համար իրականացվող գործիքների ծրագիրը։
«Հայաստանը վճռական է առաջ շարժվելու բարեփոխումների օրակարգով և այդ ճանապարհին սերտորեն համագործակցել իր միջազգային գործընկերների՝ այդ թվում ԵԽ-ի հետ»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ Բուրիչի հետ քննարկել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին։
«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելովъ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ անդամակցությամբ ստանձնած իր իսկ պարտավորությունը»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգի համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր հիմնարար իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։
«Հակամարտության գոտում գտնվելը Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից։ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ»,- ասաց Միրզոյանը և նշեց հայատյաց հռետորաբանության, գերիների առկայության, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ճնշման մասին։
Այս ամենին ի պատասխան՝ նախարարը հույս հայտնեց, որ ԵԽ-ն իր ղեկավարությամբ, առավել հաստատակամ կլինի և բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի ընդունվեն Եվրադատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները։