Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Ինչպես հաղորդվում է Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի կայքում, Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն ինտեգրման խորացման հրատապ խնդիրները։ Այս անգամ հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ոլորտում փոխգործակցությանը և մաքսային ու սակագնային կարգավորման զարգացմանը։
Օրակարգում է նաև ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը հատկապես Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով։ Բացի այդ, վարչապետները կքննարկեն թվային ոլորտում համագործակցության խորացումը, կքննարկեն զեկույցներ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ։