ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական համձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որն առնչվում է ԱԺ «Պատիվ ունեմ» Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։
Նշենք, որ այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվել է պատգամավորական մանդատից:
«Կհիշեք՝ մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որևէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին և տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ:
Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատն այս տարիներին ծառայել և ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը:
Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից և հաշվետու կլինեմ ձեզ:
Շնորհակալ եմ մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին միասին անցած կարճ, բայց լուրջ պայքարի ճանապարհի համար: Ես էլ իմ հերթին վստահ եմ, որ ինչ կարգավիճակում էլ լինենք, դեռ շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության և հայ ժողովրդի բարեկեցության: Սուտը չի կարող հավերժ իշխել»,- նշել է Թովմասյանը: