Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ աջակցելով Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Ինչպես հայտնում է TASS-ը՝ այս մասին այսօր քվեարկության ավարտից անմիջապես հետո հայտարարել Է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետսոլան։
Բանաձևը, ինչպես և Եվրախորհրդարանի բոլոր բանաձևերը, ունի երաշխավորական բնույթ։ ԵՄ-ում Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ՝ ԵՄ-ի գագաթնաժողովում:
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը վստահություն էր հայտնել, որ Եվրամիության գագաթաժողովը Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի: Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը հանդես է եկել Ուկրաինային և Մոլդովային այդ կարգավիճակի տրամադրման առաջարկությամբ: Միաժամանակ որոշում է կայացվել հետաձգել Վրաստանի վերաբերյալ այդ հարցի քննարկումը։