Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը Հայաստանի հետ սահմանին գտնվող Քարվաճառի շրջանում բացել է հատուկ նշանակության ջոկատայինների նոր զորամաս։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։
Նշվում է, որ սա Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» բացված երկրորդ զորամիավորումն է, իսկ Հայաստանի հետ պետական սահմանին բացված՝ առաջինը։
Ըստ աղբյուրի՝ առաջին զորամասը բացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Հադրութում։
Նոր ստորաբաժանման զինծառայողներին ուղղված իր ելույթում Ալիևն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով։
«Նախատեսվում է բացել հատուկ նշանակության ուժերի նոր զորամասեր, և հազարավոր ադրբեջանցիներ կծառայեն այդ զինված ուժերում։ Սա կբարձրացնի մեր հզորությունը»,- ասել է Ալիևը։