ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հարցով հանձնախումբ է ձևավորվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
Նա նշեց, որ Ռուբեն Վարդազարյանից սպասում են Ջհանգիրյանի հետ խոսակցության ամբողջական ձայնագրությունը։
Դավիթ Խաչատուրյանը շեշտեց, որ պետք է բազմակողմանի քննություն իրականացվի քննչական մարմնի կողմից. նախապատրասվում են նյութեր, սպասում են քրեադատավարական ընթացակարգով համապատասխան որոշումների կայացմանը։
«Խնդրել ենք ձայնագրության ամբողջական, մոնտաժով չաղավաղված տարբերակը: Ճիշտ է Վարդազարյանը պայմաններ է նշել ֆեյսբուքյան գրառմամբ, բայց, որպես կողմ, նա չի կարող պայմաններ առաջադրել ԲԴԽ-ին»,- ասաց Խաչատուրյանը:
Ի դեպ, այսօր Գագիկ Ջհանգիրյաննն ԱԺ չի եկել։ Խաչատուրյանի պարզաբանմամբ՝ նա առողջական խնդիրներ ունի և վիրահատվել է։
Հիշեցնենք, հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական տա։