Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ մեկնարկից ի վեր հայկական կողմը շատ կառուցողական է եղել և ցուցաբերել է հարաբերություններն արագ կարգավորելու կամք։
Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ինչպես նշեց Ռուբինյանը՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, և դա տեսանելի է։
Հարցին, թե արդյո՞ք հարաբերությունների կարգավորման նախնական ոգևորվածությունը թուրքական կողմի մոտ նվազում է, Ռուբինյանն ասաց, որ չի կարծում, թե մեծ հիասթափություն կա, գործընթաց է, որը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դեռ կարող է տալ։
Ինչ վերաբերում է թուրքական կողմի հայտարարություններին, ապա Ռուբինյանը տարօրինակ է համարում որոշ պաշտոնյաների հայտարարությունները, թե իրենց գործողությունները Ադրբեջանի հետ են համաձայնեցնում։
Հարցին, թե հանդիպումների մթնոլորտն ինչպիսին է, ինչպես է Քըլըչը տրամադրված, Ռուբինյանն ասաց՝ կարևոր է, թե ինչ է մտածում բանակցող երկիրը, ոչ թե ներկայացուցիչը։
Նշենք, որ վաղը՝ հուլիսի 1-ին, Վիեննայում տեղի կունենա բանագնացների չորրորդ հանդիպումը։