Մինչև ԱԺ արտահերթ նիստում իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, քննարկում է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հարցը, ընդդիմությունն ԱԺ-ի շենքի մուտքի մոտ իր բողոքի ձայնն է բարձրացնում։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ավելի վաղ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:
Նկատենք, որ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները մշտական 12 հանձնաժողովներից 3-ում են նախագահում։
Հունիսի 24-ի հանրահավաքի ժամանակ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ խորհրդարան չեն վերադառնալու, դա կանեն միայն իրենց օրակարգով:
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև ընդդեմ Բերձորի հանձնման։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին։