Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական բանտարկյալները, ընդդիմության ներկայացուցիչները, որպես կանոն, պահվում են ԱԱԾ-ի մեկուսարանում: Այստեղ խցերը տարբեր են. կան ավելի բարեկարգ խցեր, որոնք նորոգված են, հեռուստացույց կա, կան մենակ նստելու համար նախատեսված փոքր խցեր: Մեր տեղեկություններով, հիմա նույն խցում են հայտնվել արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը): Այս բանտախուցը «քաղաքական» անունն է ստացել, եւ այնտեղ աշխատում են օտար մարդ չտանել՝ հաստատված նուրբ հավասարակշռությունը չխախտելու համար:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա նախընտրել է մենակ նստել, բայց կալանավորված անձինք լավ գիտեն, որ ամենածանր բանը մենակ նստելն է, երբ չունես զրուցակից եւ հացընկեր: Ժամանակին այստեղ մենակ են նստել Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը չարաշահումների եւ կոռուպցիայի կասկածն է, որի մասին տեղեկացել է «վերադասը»։ Նախորդ օրը ժողով են արել ու բավականին կոշտ ձեւով պահանջել՝ դիմում գրել-հեռանալ։ Հայկ Կարապետյանը, հիշեցնենք, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կուրսընկերն է, Արշակյանն էր նրան բերել «Հայփոստ»։ Մեզ ասացին՝ ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ, բայց այս անգամ ոչ թե Էդուարդո Էռնեկյանին, այլ՝ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Իսկ որպես տնօրենի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Մխիթար Հայրապետյանի անունը: Սակայն սա՝ ասեկոսեների մակարդակով։ Մենք փորձեցինք ճշտել «Հայփոստի» մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանից՝ արդյոք ազատվե՞լ է Հայկ Կարապետյանը պաշտոնից, սակայն նա, հարցը չլսած, անմիջապես ասաց․ «Խնդրում եմ՝ գրավոր ուղարկեք»։
«Հայփոստի» ներսից տեղեկացանք, որ Հայկ Կարապետյանը հենց նույն օրն արձակուրդ է վերցրել․ թերեւս, վերադառնալուն պես, ինչպես սովորաբար լինում է, կազատվի պաշտոնից»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական գործ։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի հարուցումից հետո՝ երեկ, ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է այն տրամադրել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Ռուբեն Վարդազարյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հաստատեց. «Վկայի կարգավիճակով հրավիրվել եմ և հարցաքննվել: Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի: Այսքանը»: Նշենք, որ աղմկահարույց ձայնագրությունից և Գագիկ Ջհանգիրյանի առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե վերջինս ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո հրաժարական տվեց՝ ԲԴԽ-ի համար նոր խառնաշփոթ առաջացնելով»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 6-ին վարչական դատարանը որոշում է կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի: Կբողոքարկի նախարարությունը, թե ոչ, առայժմ հայտնի չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին նախարար, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում եւս «Քաղպայմանագիր» կուսակցությունը տարածքային խորհուրդների ընտրություն է իրականացնելու: Գրեթե բոլոր համայնքներում արդեն նախապես որոշել են, թե ովքեր են ընտրվելու խորհրդի նախագահի պաշտոնում: Վեդիում կոկորդիլոսագետին՝ Գարիկ Սարգսյանին են շնորհելու այդ տեղը, Արտաշատում՝ համայնքի ղեկավար, երբեմնի ՀՀԿ-ական Կառլեն Մկրտչյանին:
Մասիսում դեռ չեն կողմնորոշվում. երկու թեկնածու կա՝ Ժորա Զուրաբյանը եւ ոմն Կարո: Բայց Արարատի մարզում դեռ անորոշություն է տիրում: Այստեղ ՔՊ դիրքերը թույլ են, համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շուրջ չկա կոնսենսուս, փորձում են ուժեղ մարդ գտնել, որ կուսակցական ակտիվ աշխատանքներ տանի»։