Փաշինյանն ու Էրդողանը ցանկանում են բաց չթողնել բանակցային տեմպը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադարձ կատարելով քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի Telegram-ի ալիքում։
«Հատկանշական է, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի հաջորդ օրն Անկարայի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ թուրքական կողմն առաջարկել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումն անցկացնել ոչ թե Վիեննայում կամ Մոսկվայում, այլ կարգավորման գործընթացի երկու մասնակից պետություններից մեկի մայրաքաղաքում։ Նշանակում է՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ կա՛մ Անկարայում, կա՛մ Երևանում։ Իսկ դա բանակցող կողմերի միջև վստահության ավելի բարձր մակարդակի ցուցադրում է»,- արձանագրում է քաղաքագետը։
Մարկեդոնովի կարծիքով՝ Թուրքիայի նախագահն արդեն այսօր պատրաստվում է 2023 թվականի ընտրություններին: Նա լուրջ մրցակիցներ ունի՝ ի դեմս Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերի, իսկ տնտեսական իրավիճակը հեռու է իդեալականից։ Ինչպես նշում է քաղաքագետը, քննադատները ներսում շատ են, և նախագահի ընդդիմախոսները նրա խնդիրները կապում են նաև անհիմն աշխարհաքաղաքական հավակնությունների հետ:
«Առաջ տանելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը՝ Էրդողանն ուժեղ հաղթաթուղթ կստանա։ Փաշինյանի մոտ ամեն ինչ ավելի բարդ է։ Նրա երկրի ներսում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդներ կան։ Բայց վերջերս հակակառավարական բողոքի նոր ալիք կազմակերպելու փորձերի ձախողումը ցույց է տալիս, որ նա հնարավորություն ունի հենց հիմա առաջ շարժվել թուրքական և ադրբեջանական ուղիներում, չէ որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումն օբյեկտիվորեն օգնում է լուծել նաև սահմանների դելիմիտացիայի խնդիրները՝ մյուս հարևանի՝ մերձկասպյան հանրապետության հետ։ Այս շանսը բաց թողնելու դեպքում վաղն իր համար ավելի բարդ իրավիճակ կարող է լինել»,- ընդգծում է Մարկեդոնովը։
Մարկեդոնովի խոսքով՝ կողմերը, կարծես թե, ինչ-որ ավելի կարևոր քայլեր են փորձում անել, քան պարզապես երկկողմ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունն է։
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռախոսազրույցը։ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան բայրամ տոնի առթիվ, Իսկ Թուրքիայի նախագահն իր հերթին շնորհավորել է Հայաստանի վարչապետին Վարդավառի՝ Տիրոջ Պայծառակերպության տոնի կապակցությամբ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացը, ինչը, նրանց խոսքով, կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: