Վաղը՝ հուլիսի 14-ին, Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար։ Այն նշանակված է 18:30-ին։
Նախագիծը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի մանդատից զրկելու մասին է: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու նույն խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն այդ ցանկում չկան։
Միևնույն ժամանակ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ քննարկվելու է միայն 14 պատգամավորի մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը:
Armenia Today-ին ԱԺ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 14-ն այն պատգամավորներն են, որոնք արդեն հատել էին թույլատրելի բացակայությունների թիվը, իսկ «Դիմադրություն» շարժման ժամանակ նրանց բացականերն է՛լ ավելի էին շատացել: Սակայն, ինչպես նախագծում է նշված, կքննարկվի 33 պատգամավորի հարց, որոնք ընդհանրապես անցել են բացակաների կարմիր գիծը: