Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ:
«Մտահոգություն են առաջացնում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հատկապես Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ», – ասված է Վեհափառի Facebook-յան էջում զետեղված գրառման մեջ:
Արամ Ա-ի խոսքով՝ նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար։ «Անհրաժեշտ է, որ հանրությանը հստակ և ամբողջական տեղեկատվություն տրվի», – ընդգծել է կաթողիկոսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հուլիսի 14-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնել էր, որ նախօրեին իրեն արգելել են մուտք գործել Հայաստան: