ԱՄՆ և ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարների այցը Հայաստան վկայում է մեր երկրի արտաքին քաղաքականության արդյունավետ ուղղվածության մասին։ Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Այս այցերը նշանակում են, որ Հայաստանը բազմակողմանի հարաբերություններ է զարգացնում և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի հետ, որը բխում է մեր պետության և ժողովրդի շահերից։ Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի, ինչպես նաև բոլոր միջազգային կառույցների հետ մեր երկիրը հանդես է գալիս համագործակցության և փոխադարձ վստահության ամրապնդման դիրքերից»,- նկատեց իշխանության ներկայացուցիչը։
Անդրադառնալով սոցիալական ցանցերում տեղի ունեցող քննարկումներին, թե Հայաստանը պատրաստվում է միջնորդի դեր ստանձնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը՝ պատգամավորն արձագանքեց, որ նման տեղեկություն չունի, բայց եթե այդպես լինի, ուրախ կլինի դրա համար։
Վիգեն Խաչատրյանը միևնույն ժամանակ հիվանդ երևակայության արդյունք համարեց շրջանառվող այն տեղեկությունները, թե տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակով է պայմանավորված համաշխարհային երկու խոշոր բևեռների հետախուզական ծառայությունների ղեկավարիների այցը մեր երկիր։
«Այս այցերը նախևառաջ հարաբերությունների կարգավորում են, որի հիման վրա կարելի է զարգացումների սպասել։ Այդ զարգացումները կարող են լինել միայն դրական, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների զարցացում և ամրապնդում։ Ցանկացած հարաբերությունների զարգացում կբացառի որևէ կոնֆլիկտային իրավիճակի հասունացումը»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը Երևանում էր։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ այսօր էլ ՀՀ վարչապետն ընդունել էր Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Երկու գերտերությունների հետախուզությունների ծառայությունների տնօրենների այցը մեր երկիր տարակարծիք քննարկումների առիթ է դարձել։