ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ ինչպես հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում, այնպես էլ հաղորդակցությունների բացման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման հարցերում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Նարիշկինն այսօր Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով:
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության խնդիրներին՝ Նարիշկինը նշել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս համատեքստում նա նշել է Ռուսաստանի առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Իսկ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագիրը, Նարիշկինի խոսքով, դարձել է տարածաշրջանում խաղաղության կառուցման հիմնարար փաստաթուղթը:
«Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև թե՛ գործընկեր է, միջնորդ է»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ սահմանի սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների բացման և խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցերում: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Նարիշկինը նշել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը նոր ազդակ է դարձել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար:
Բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր, այդ թվում այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ազգային շահերի պաշտպանությունը և երկու պետությունների տարածքային ամբողջականությունը: