Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումից հետո մամուլի համար հայարարության ժամանակ։
Միրզոյանի խոսքով՝ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ խնդրի լուծման համար:
«Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը»,- նշել է ԱԳ նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն իրենց սկզբունքն ու ռազմավարությունն է։ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` խաղաղության պայմաններ ստեղծելու համար:
«Մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»,- եզրափակել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։