Եթե ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց միայն իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխություն չկա: Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը:
Նա թվարկել է ընդդիմադիրների նախաձեռնությունները, որոնք վերաբերել են Արցախին, անվտանգային, նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հիշեցրել, որ դրանց բոլորին իշխանականները դեմ են եղել: Իսկ նրանց օրակարգը, ընդդիմադիրների պնդմամբ, ընդհանրապես չի սպասարկում հայ ժողովրդի շահը:
Իր խոսքով՝ Ազգային ժողովի աշխատակազմը խոչընդոտել է նույնիսկ, որ նա նամակով դիմի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ այդ երկրում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու նպատակով:
«Էս ամեն ինչը մերժելուց, բոյկոտելուց, տապալելուց հետո, երբ ասում են ընդդիմությունը չի գալիս խորհրդարան, գնանք ի՞նչ անենք: Նիկոլի օգնականին դարձնենք դատախա՞զ»,- ասել է Սաղաթելյանը:
Ապրիլի 12-ից խորհրդարանական աշխատանքների բոյկոտը ընդդիմադիրներն արդարացված են համարում, շարժման շնորհիվ Արցախի հարցում իշխանության հռետորաբանությունը փոխվել է, բայց սա դեռ ձեռքբերում չեն համարում: Համաձայն չեն քննադատություններին, թե եղանակով պայմանավորված հանրահավաք հետաձգելը կարող է շարժման թափը կոտրել:
Հիմա կազմակերպչական աշխատանքների փուլն է, սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու, սակայն դեռ փակագծերը չեն բացում:
«Կարևորը հետևյալն է. չշեղվել նպատակից, դրան հասնելու համար որևէ ջանք չխնայել: Ընթացիկ նման որոշումները կշահարկվեն, իհարկե կշահարկվեն»,- ասել է պատգամավորը: