Արցախից հայկական զորքերի դուրս բերումը կապված է Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրեց՝ 1994 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ Արցախում չպետք է լինեն հայկական զինված ստորաբաժանումներ։
«Կարևորագույն հարցն այն է, թե այսուհետև ինչպես ենք պաշտպանելու Արցախի անվտանգությունը։ Մի կողմից կա ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելությունն Արցախում, որն անվտանգության ապահովման կարևորագույն գործառույթ է իրականացնում։ Սակայն, իրականում դա որևէ ձևով հակասության մեջ չէ տեղում հայկական զինված ստորաբաժանումների գոյությանը։ Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցումը խնդիրներ է ստեղծելու։ Չեմ բացառում, որ կարելի է մշակել մոդելներ, որոնցով հնարավոր է այլընտրանքային միջոցներով լուծել անվտանգային խնդիրները»,- նշեց Արցախի նախագահի նախկին խորհրդականը։
Ըստ Աբրահամյանի՝ Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցման պայմաններում հայկական կողմը որևէ այլընտրանքային քայլ չի ձեռնարկում, ինչն ընդդիմադիր պատգամավորին ստիպում է եզրակացնել, որ իրականության մեջ Հայաստանի իշխանությունն Արցախի և նրա բնակիչների պաշտպանության խնդիր չի տեսնում՝ հրաժարվելով իր հիմնական առաքելությունից։
«Խաղաղապահ ուժերը կատարում են իրենց առաքելությունը, բայց մենք չենք կարող Հայաստանի կամ Արցախի պաշտպանության հարցը թողնել միայն դաշնակիցների վրա։ Այսօր Արցախի առաջնագծում պաշտպանությունն իրականացնում են ՊԲ ստորաբաժանումները։ Նկատենք նաև, որ եթե չլիներ ռուսական գործոնը՝ խաղաղապահ ուժերը, անվտանգության առումով շատ վատ իրավիճակ կարող էինք ունենալ»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։
Տիգրան Աբրահամյանը շեշտեց, որ Արցախից զորքերը դուրս բերելով՝ Հայաստանը բավարարում է Ադրբեջանի հավակնությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու համար: Արմեն Գրիգորյանն ավելացրել է նաև, որ այնուամենայնիվ, Հայաստանից Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, Լեռնային Ղարաբաղը տեղում է կազմակերպում պայմանագրայինների ներգրավումը:
ԱԽ քարտուղարը պնդել է, որ անվտանգության առումով ոչինչ չի փոխվում Արցախում, որովհետև այնտեղ նախկինում էլ անվտանգության ապահովման գործը եղել է Պաշտպանության բանակի ուսերին։