Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հստակեցնում է, որ խոսքը հատկապես վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին սահմանակից դարձած բնակավայրերին։
«Այդ համայնքներում շատ շատերը կարող են ժամերով քննարկել այն բոլոր վերահաս վտանգները որոնք կախված են իրենց գլխին, սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամեն ինչ ավարտվել է և իրենց՝ ադրբեջանական դիրքերից մի քանի կմ-ի վրա ապրողներին, այլևս վտանգ չի սպառնում։
Այս տրամաբանությունն անընդհատ իշխանությունն իջեցնում է ներքև՝ հանրությանը, փորձում են խցկել մարդկանց գլուխներում՝ հանգիստ եղեք, ինչ պետք է կտանք, կռիվ չի լինի»,- գրում է պատգամավորը։
Բայց ճշմարտությունը, ըստ Աբրահամյանի, այն է, որ այդ «խաղաղության» համար իշխանությունն անընդհատ տալու է, իսկ դիմացիններս երբեք չեն բավարարվելու։
Նրա խոսքով՝ այս նույն տրամաբանությամբ սահմանային անվտանգություն են կառուցում, չնայած «կառուցում» բառն այստեղ խիստ չափազանցություն է։ Պատերազմը նույնիսկ այս առումով դաս չդարձավ, նշել է նա։