Եվս մեկ թեժ գոտի, որտեղ հակամարտությունն աստիճանաբար ընդունում է զինված տեսք, Բալկաններն են, որի մասին 1990-ականներից կարծես թե բոլորը մոռացել էին, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Րոպեներ առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարեց, որ Կոսովոյի բանակը պլանավորում է հարձակվել Կոսովոյի հյուսիսի սերբերի վրա:
Նոր աշխարհակարգի կերտումը ամենուրեք վերահաստատելու է այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմներն ու հակամարտություններն են բնական ընթացքը մարդկային պատմության:
Բալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա»,- գրում է նա։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան իրավիճակը Կոսովոյում և Մետոխիայում լարվել է այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանին գտնվող անցակետը՝ արգելելով սերբական փաստաթղթերով տեղաշարժը: Սերբերը դուրս են եկել ցույցի և փակել հիմնական մայրուղիները:
Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսն ու հարավն իրար կապող Իբար գետի կամրջին են մոտեցվել ոստիկանական ուժեր և ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի աշխատակիցները:
Ուշ գիշեր միջազգային ջանքերի շնորհիվ Կոսովոն հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը մինչև սեպտեմբերի 1-ը: