«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է: Նա Ստեփանակերտում պատրաստվում էր մասնակցել թոռան մկրտությանը: Անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»: Վերոնշյալի վերաբերյալ թերթը փորձեց պարզաբանում ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։ «Տվյալ խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ: Ցավում եմ»,- հակիրճ պատասխանեց նախագահի մամուլի քարտուղարը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին տեղեկությունը հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին լրացել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին նախագահ Տիգրան Սահակյանի 65 տարին, իսկ ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը: Այսինքն՝ Տիգրան Սահակյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարել են: ԲԴԽ նախագահը դեռևս Գագիկ Ջհանգիրյանն էր, որպես Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի հավանական թեկնածու, շրջանառվում էր դատավոր Սևակ Համբարձումյանի անունը, սակայն Ջհանգիրյանի՝ լիազորությունների դադարումից հետո իրավական համայնքում որպես Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու ակտիվորեն սկսեց շրջանառվել Մխիթար Պապոյանի անունը, ով, փաստորեն, ընտրվել է նախագահ: Ստացվում է , որ Գագիկ Ջհանգիրյանի գնալուց հետո ԲԴԽ-ում իրավիճակ է փոխվել եւ ԲԴԽ անդամները ընտրեցին դատավոր Մխիթար Պապոյանին, որն այն դաավորներից մեկն էր, որ ահազանգում էր դատական համակարգում առկա վիճակի մասին եւ մի քանի այլ համարձակ դատավորների հետ միասին կռիվ էր տալիս դատական համակարգում անարդարությունների դեմ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իբր ընդդիմադիր հայացքներով հայտնի Բորիս Մուրազի Թամոյանի խմբագրությունը, պարզվում է, որ գտնվում է ոչ ավել, ոչ պակաս հայ-թուրքական քիրվայության կարկառուն ջատագով, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ Կոնցեռնում: Ավելին, «չար լեզուները» շշնջում են, որ այդ տարածքը, որտեղ Մուրազին նստած երկնում է այս կամ այն գործչին, այդ թվում` ՔՊ-ականներին նվիրված հոդվածները, վերջինիս տրվել է անվճար հիմունքներով: Ու երեւի դա է, ըստ երեւույթին, պատճառը, որ Մուրազին այդքան ջանասիրաբար շրջանցում է մեծն Գռզոյին: Ա՛յ, այսքան «սկզբունքային» է «ընդդիմադիր» Մուրազի Թամոյանը: Գուցե հենց այս հանգամանքո՞վ է բացատրվում Բորիս Թամոյանի վերջերս սկսված զրպարտչական արշավանքն ընդդիմադիր գործիչների դեմ, եւ, իհարկե, այստեղից է բխում նաեւ իր հակառուսականությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս օրերին քննարկում է 2008թ. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի հարցը։ Տեղեկացանք, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում է ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չի արվել, եւ քրեական գործը մնացել է Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում»: