ՀՀ իշխանությունները քննարկում են ՀՀ-ում ՌԴ քաղաքացիներին 6 ամսվա փոխարեն 1 տարվա կացության իրավունք տալ՝ առանց գրանցման։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։
Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «TACC» լրատվական գործակալությանը տված հարցազրույում, որը հրապարակվել էր հուլիսի 7-ին, հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են ավելացնել ռուսների՝ Հայաստանում առանց գրանցման ապրելու ժամկետները։ Գործող օրենքով՝ օտարերկրյա քաղաքացիներն առանց գրանցման Հայաստանում կարող են ապրել 6 ամիս։ Մինչդեռ հնարավոր է, որ այդ ժամկետը երկարացվի մինչև մեկ տարի։
Armenia Today-ը հետաքրքրվեց, թե այժմ ո՞ր փուլում է գտնվում հարցի քննարկումը։ Մեզ հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Հակոբյանը հայտնեց, որ հարցը միայն քննարկումների փուլում է։
«Որևէ կոնկրետ որոշում մինչ այժմ չի կայացվել»,- ասաց նախարարի խոսնակը։
Հիշեցնենք, որ լրատվականի թղթակցի հարցին, թե ի՞նչ իրավական նորմեր են գործում Հայաստանում ռուսների համար և կփոխվե՞ն դրանք, նախարարը պատասխանել էր․
«Առանց գրանցման Հայաստանում բնակվելու սահմանափակում կա․ վեց ամսից ոչ ավելի ժամկետ։ Սակայն այժմ իշխանություններն աշխատում են այդ պահանջը մեղմելու ուղղությամբ։ Մնացած հարցերում Հայաստանը բիզնեսի համար բարենպաստ միջավայր է, ուստի մեր հարկային և այլ մարմինները ամեն կերպ փորձում են օգնել բիզնեսին, այլ ոչ թե խանգարել նրա աշխատանքին»։
Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններից հետո Հայաստան է այցելել մոտավոր հաշվարկով շուրջ 60 000 ՌԴ քաղաքացի։ Նրանց մի մասը գործունեություն է սկսել Հայաստանում և նախատեսում է երկարաժամկետ կացություն մեր երկրում։