Արգելքներ կիրառելով Սփյուռքի մեր գործիչների նկատմամբ՝ իշխանությունները փորձում են սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ: Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունները վրեժխնդրության ճանապարհն են բռնել ու ամեն ինչ անում են, որպեսզի արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը:
Armenia Today-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը մատնանշեց՝ իշխանությունները Փաշինյանին նույնականացնում են սրբության հետ, որի դեմ բողոքելն անթույլատրելի է, այդ պատճառով էլ մի քանի շաբաթ առաջ արգելել էին նաև Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
«Որևէ հոդաբաշխ բացատրություն չեղավ: Այն բացատրությունը, որն իրենք տվել են, փաստում է, որ մենք գործ ունենք տարրական քինախնդրության հետ»,-կարծիք հայտնեց Վարդանյանը։
Ավելի վաղ Armenia Today-ն հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի դեմ։
Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի գիշերը Մուրադ Փափազյանը ժամանել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, սակայն այնտեղ նրան հայտնել էին, որ չի կարող մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ համարվում է «անցանկալի անձ»։ Նրա կարծիքով՝ դա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։