Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարևորությունը:
Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները և ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Թեհրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ընդունի՝ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահը։
«Մատնանշելով Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Ռաիսին ասել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ: