«Հրապարակ» թերթը գրում է․ «Օգոստոսի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ: Տեղեկություններ շրջանառվեցին, որ դաշինքում ստորագրահավաք են նախաձեռնել: Դաշինքի ամբողջ ցուցակը` մինչեւ վերջին մարդն ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու եւ ֆրակցիայի պատգամավորները վայր կդնեն մանդատները։ Սա արվում է, որպեսզի դավաճաններ չհայտնվեն եւ մանդատը վերցնելով իշխանությունների կողմը չանցնեն: Սակայն դաշինքից այս տեղեկությունները չեն մեկնաբանում։
Ցուցակը կազմված է 153 անունից եւ այդքան մարդու համաձայնությունը` մանդատը չվերցնելու հետ կապված, ստանալը դյուրին բան չէ: Բացի այդ` օգսոստոսի 2-ից լրացել է վարչապետի անձեռմխելիության մեկ տարին, եւ խորհրդարանը կարող է անվստահության գործընթաց սկսել Փաշինյանի դեմ: Սակայն երկու կողմերի մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմության ու իշխանության միջեւ վերջին ամիսներին այն կարգի անջրպետ է առաջացել, որ գաղտնի բանակցությունները` անվստահության գործընթաց սկսելու հարցով, ֆանտաստիկայի ժանրից են։ Իսկ ընդդիմությունը միայնակ չունի բավարար ձայներ, որ այդ գործընթացը հաջողությամբ իրականացնի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի Հանրապետության 3 բնակավայրերի՝ Աղավնո, Բերձոր եւ Սուս համայնքների բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ազատեն իրենց հայրենի բնակարանները։ Հիմնավորումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը կնքվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ արցախաադրբեջանական սահմանին տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, արդեն պարզ էր, որ այս տարածքները եւս պիտի հանձնվեն։ Այսինքն՝ այս տարածքները լքելու մասին հայտնի է դարձել դեռ մոտ երկու տարի առաջ, սակայն այս ընթացքում Աղավնոյում կատարվել են մեծ թվով ներդրումներ, դպրոց, մանկապարտեզ է վերակառուցվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից»։
«Հրապարակ» թերթը գրում է . Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին», Վարչական, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում։ Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`«դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ»։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից, այնուամենայնիվ, ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից»: Ըստ այդմ, որոշել են գործընթացում պարզություն մտցնել»։