ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատում թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերին։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
«Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամեկտներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- նշեց ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ A Haber-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ 5-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։
Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիան հրաժարվել էր այն անցկացնել երրորդ երկրում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն անցկացրել էին Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Ռուբինյան-Քըլըչ երրորդ հանդիպումը կայացել է այս տարվա մայիսի 3-ին՝ Վիեննայում, երկրորդը կայացել է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ այս տարվա հունվարի 14-ին։