«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ հայրենի երեսփոխանները վայելում են իրենց վաստակած հանգիստը, նրանց աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ գծվում է։ Խորհրդարանի ղեկավարության ստորագրած կարգադրություններից տեղեկանում ենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկը եւս աչքի է ընկնելու գործուղումների առատությամբ։ Երթուղին խայտաբղետ է ու հաճելի՝ Հունաստան, Թուրքիա, Ռաբաթ, Շվեյցարիա, Ֆրանսիա եւ այլն: Ինչպես ասում են՝ սա դեռ սկիզբն է։ Ընդ որում՝ Թուրքիայի Իզմիր քաղաք գործուղվելու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար՝ սեպտեմբերի 21-24-ը, պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Վրեժ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացիներ Արա Վարդգեսի Թաթոսյանի, վերջինիս եղբայր Արտակ Վարդգեսի Թաթոսյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղի ոսկերիչ Պավլիկ Մանուկյանի հետ կազմակերպված խմբով 2017թ. մարտի 30-ից մինչեւ 2018թ. փետրվարի 20-ը բանկից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար:
Ըստ նախաքննական մարմնի՝ խումբը պղինձ-ցինկ համաձուլվածքից ու այլ մետաղներից պատրաստված կեղծ ոսկյա ձուլակտորներն ու զարդերը որպես ոսկի տարբեր անձանց անուններով գրավ է դրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում։ Ոսկերիչ Պավլիկ Մանուկյանը եւս տեղյակ ու մասնակից է եղել կեղծ ոսկուց պատրաստված իրերը որպես ոսկյա զարդ բանկում գրավադրելու գործին։ Պայմանագրերով տրվել են տարբեր չափերով վարկերի գումարներ, ընդհանուր՝ 276 մլրդ 159 մլն 703 հազար ՀՀ դրամ գումար, որը խարդախությամբ հափշտակվել է: Այս գործով քննությունը շարունակվում է:
Ի դեպ, Armlur.am-ը հուլիսի 28-ին գրել էր, որ «Արդշինբանկ»-ի հաշվապահները, գանձապահը, կառավարիչը հափշտակություն էին արել, քանի որ 35 քաղաքացու ոսկյա իրեր դուրս էին բերել բանկից եւ յուրացրել: Կարճ ասած, «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը խիստ ռիսկային է. գուցե քեզ պղնձի կտոր վերադարձնեն ոսկյա զարդերի փոխարեն կամ վերցնեն ոսկեղենն ու պարզապես անհետանան»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ։ Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։ Իսկ մի քանի օր առաջ Արցախ էր մեկնել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Արցախ մեկնածների թվում են Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդեւանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը։ Նախատեսվում էր այց Աղավնո եւ Բերձոր: Աղավնոյում պատգամավորները հանդիպել եւ զրուցել են համայնքապետի հետ:
Այսօր նրանք Ստեփանակերտում են հանդիպումներ ունենալու: Սակայն պատգամավորները այցի մանրամասներն աշխատում են չհաղորդել, թերեւս վախենում են, որ խոչընդոտներ կստեղծվեն»: