«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական թեժ աժիոտաժ է Թալինում: Տեղի ընդդիմադիրները կարծում են, որ իշխանության սրտի թեկնածու, անցած ընտրություններին պարտված, բայց զոռբայությամբ համայնքապետի աթոռը զավթած Տավրոս Սափեյանի դեմ քաղաքական նոր կոմբինացիաներ է պետք գործադրել: Մեր տեղեկություններով՝ նախկինների հետ ասոցացվող նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը չի պատրաստվում թեկնածություն առաջադրել։ Նա անցած ընտրությանը Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ցուցակն էր գլխավորում, սակայն մեր աղբյուրներն ասում են, թե դա չի նշանակում, որ նախկին թիմն իր թեկնածուն չի ունենալու եւ չի մասնակցելու։ Թեեւ դեռ հայտնի չէ, թե ով կլինի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի քենակալ (բաջանաղ) Տիգրան Գրիգորյանի թեկնածության մասին են խոսում, կառաջադրվի՞ նա արդյոք ՀՅԴ ցուցակով, թե՞ այլ ուժով՝ դա էլ դեռ պարզ չէ: Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի Թաթուլի նախկին գյուղապետ Ալբերտ Հարոյանը, ով ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի ազգականն է: Նորայր Նորիկյանի կուսակցությունն է հետաքրքրություններ դրսեւորում, «Ապրելու երկրի» ցուցակն էլ կգլխավորի անցած ընտրություններին «Հայք» կուսակցությամբ առաջադրված Դավիթ Մանուկյանը, ով ընդդիմադիր եռյակի քաղաքապետի միասնական թեկնածուն էր: Այլ անուններ էլ են շրջանառվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած աղետի ֆոնին իշխանական շատ գործիչներ, կարծես թե, անձնական փիար են կառուցում. մեկը մաքրամաքուր կոշիկներով լուսանկար է հրապարակում, թե անդադար աշխատում են, մյուսը, ձեռքերը երկարացրած, ցուցումներ է տալիս ու ծխահարվում եւ այլն: Բայց ամեատպավորիչը Երեւանի ինքնահռչակ քաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտնությունն էր դեպքի վայրում: Նա առիթը բաց չթողեց գովազդ անելու եւ հայտարարեց, թե «Սուրմալու»-ի տարածքում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու։ Այս իրողությունն ու հայտարարությունն արդեն խնդրահարույց են: Ինչո՞ւ. բացատրենք: Նախ՝ դեռ պաշտոնապես ոչ ոք չի հայտնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, իսկ հերթական ընտրություններն էլ հաջորդ տարի են լինելու: Թեկնածու լինելու համար դեռ շատ ժամանակ կա: Մյուս հանգամանքը՝ Ավինյանն իրեն չի կարող հռչակել ամբողջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քանի որ, օրաթերթի տեղեկություններով, ՔՊ կուսակցության վարչության անդամներից նրան ընտրել է միայն կեսը եւ գումարած մեկ ձայն: Բայց տարօրինակն այդ իրավիճակում այն էր, որ Ավինյանին ինչ-որ բաներ էին զեկուցում ԱԻՆ պաշտոնյաները, իսկ դեպքի վայրում նրա հետ միասին գնացել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը եւ երկու վարչական շրջանների աշխատակազմերի մի քանի ներկայացուցիչներ»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ՝ օգոստոսի 18-ին, պետք է մեկնարկեր ՔՊ վարչության անդամների ընտրության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության կանոնադրությունն ասում է, որ համագումարից մեկ ամիս առաջ վարչության անդամները ներկուսակցական տիրույթում քարոզարշավ պետք է սկսեն, ՔՊ-ում էլ ավանդույթ է ձեւավորվել, առցանց հարթակ են ձեւավորում, թեկնածուներն իրենց տեսլականներն են ներկայացնում, հարցեր են նրանց ուղղվում եւ այլն: Այդ գործընթացից հետո ռեյտինգային քվեարկություն է անցկացվում, եւ ամենաշատ ձայներ ստացած ՔՊ անդամները դառնում են ՔՊ ղեկավար մարմնի անդամ։ Երեկ, սակայն, քարոզարշավի մեկնարկը չի տրվել, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ կազմակերպչական որոշ խնդիրներ կան։ Իսկ հնարավո՞ ր է նախկին տարիների պես քարոզարշավ, որպես այդպիսին, չլինի, ով ինչպես կարողանա, իր համար ձայն հավաքի։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ մի քանի տարածքում ՔՊ-ն խորհուրդներ այդպես էլ չի ընտրել, ինչը պետք է աներ սեպտեմբերի 18-ի համագումարից մեկ ամիս առաջ։ Օրինակ՝ Գորիսում, Մասիսում խորհուրդներ չեն ձեւավորվել, կընտրեն ավելի ուշ, ուստի այդ խորհուրդների կազմը վարչության ընտրություններին՝ որպես ընտրիչ, չի կարող մասնակցել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը (այժմ չի տպագրվում) 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին» վերտառությամբ հրապարակման մեջ գրում էր ՋԷԿ-ի վաճառքի գումարով գազի սակագինը սուբսիդավորելու մասին։ Կրկին նույն համարում ու կրկին պետական գույքի առուվաճառքի թեմային վերաբերող մեկ այլ՝ «Կրիմինալ գործարք. կթու կովը՝ կաթի գնով» վերնագրով հրապարակումը թերթը եզրափակում է հետեւյալ նախադասությամբ. «Սա ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելն իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»: Դատվողներ, իհարկե, անգամ 2018-ի իշխանափոխության ու հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո չեղան: Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը նույնպես, ըստ երեւույթին, չդիմանալով պետգույքը յուղոտ գներով մասնավորին վաճառելու գայթակղությանը, շարունակեց «նախկինների» բռնած գործը։ Օրինակ՝ այս տարվա կառավարության հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ ու արդյունք չի բերում երկրին։ Նույն օրը կառավարությունը որոշման նախագիծ հաստատեց, որով վաճառքի հանվեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով: Օրինակներն, իհարկե, միայն «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի շենքի մասով չեն ավարտվում: Ու փաստ է, որ ընդդիմադիր Փաշինյանի՝ պետական գույքը մասնավոր ընկերություններին «մի քանի գրոշով» վաճառելու «արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել»: