«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է, թե ում են նշանակելու նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարար: Ինչպես հայտնի է, Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորվելով ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Այս կառույցի ստեղծման մասին դեռ խոսակցություններից ի վեր այդ պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվել, այդ թվում՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի անունը, սակայն իշխող թիմում կարծես թե հակված են այլ որոշում կայացնելու, քանի որ Հակոբ Սիմիդյանի աշխատանքից դժգոհ են, եւ նոր բացահայտումներ են եղել: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որպես ներքին գործերի նախարար են տեսնում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Թեեւ նա հրապարակային կերպար չէ, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ամբիոնից խոսելու, այնուամենայնիվ այս պահին ՔՊ– ի թիմում քննարկումները Ղազարյանի ուղղությամբ են: ՀՀ ոստիկանապետի պաշտոնը թերեւս կզբաղեցնի Վահե Ղազարյանի առաջին տեղակալը՝ Արամ Հովհաննիսյանը: Վերջնական որոշում, սակայն, դեռ չկա»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։ ՔՊ-ն առաջադրվել է բոլոր 18 համայնքներում: «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5 համայնքում, ՀՅԴ-ն՝ 4։ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը եւ «Միասնական համայնք» դաշինքը՝ 2 համայնքում։ Հայտեր կան ԼՀԿ, «Իմ հզոր համայնք», Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք», «Հանուն ժողովրդի», ՀԱԿ, «Համախմբում», «Միասնություն», «Ազգ-համայնք», «Նժդեհյան ցեղակրոն», «Կայունություն» «Հայկական երազանք», «Աշխատանք եւ արդարություն», «Զարգացող համայնք», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», «Մեկ Հայաստան», «Վերելք», «Դեպի միասնություն», Ազատական, «Զորավոր համայնք», «Արժանապատիվ սերունդ» կուսակցություններից եւ դաշինքներից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը նռնակով Մասիսի համայնքապետարան ներխուժած, ապա, ըստ ոստիկանության, ինքնասպանություն գործած Էդուարդ Մարգարյանը, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, եղել է համայնքապետ Դավիթ Համբարձումյանի երբեմնի դաշնակիցը՝ Մասիսի ավագանու անդամ էր 2016-2021 թթ․: Ավելին, պատմեցին, որ քաղաքապետի եղբայրը` Գոռ Համբարձումյանը, Է․ Մարգարյանի՝ Լոշտ Էդոյի միջոցով բազում «գործեր» է արել, եւ արդյունքում փողի պարտք-պահանջի խնդիր է առաջացել նրանց միջեւ։ Նա տեւական ժամանակ քաղաքապետի հետ հանդիպում է պահանջել, փորձել է նրանից ստանալ իր «ստանալիքը» եւ, ըստ մեր աղբյուրի, դեպքի օրն էլ ժամադրություն է փորձել պլանավորել, բայց Դավիթ Համբարձումյանը մերժել է, որից հետո Էդոն վերցրել է զենք-զինամթերքն ու գնացել քաղաքապետարան»։