Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հայտարարել է, որ Անկարան Բաքվից գաղտնի ծրագրեր չունի, հայտնում է Anadolu-ն։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը «հարաբերությունների փուլային կարգավորման» շրջանակներում արդեն չորս զրույց են ունեցել։
«Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման և այլնի մասին է։ Առևտրի ոլորտում նույնպես որոշակի ջանքեր են գործադրվել»,- ասել է թուրք նախարարը։
Միևնույն ժամանակ՝ նա «սուբյեկտիվ է համարել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը»:
Թուրք նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության բանալին է։
«Բաքուն հայտարարեց իր նախաձեռնությունների մասին, որին Երևանը չպատասխանեց։ Աշխատանքներն սկսելու համար ստեղծվել է համատեղ հանձնաժողով։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանին սա մտահոգում է։ Երևանը պետք է կողմնորոշվի՝ ուզո՞ւմ է խաղաղություն»,- ասել է Չավուշօղլուն։