Ռուսաստանն իր ադրբեջանցի և հայ գործընկերներից որևէ տեղեկություն չի ստացել ԵՄ-ի միջնորդությամբ խաղաղ համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵՄ-ի գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով, այդ ակտիվությունը կապված չէ «ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ»։
«Սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Դրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան աշխատում է որպես միջնորդ, և այդ աշխատանքը բերում է կոնկրետ արդյունքների, որոնք գնահատում են Երևանն ու Բաքուն։
«Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման վրա»,- ասել է դիվանագետը։ Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակներում աշխատանքը «բովանդակային է և առաջ է ընթանում»։ Որպես օրինակ նա բերեց Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ երկրորդ հանդիպումը։
Ադրբեջանն ակնկալում է, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը «կհամաձայնեցվի աշխատանքային խմբի ստեղծումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստը պատրաստելու համար», ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Միաժամանակ, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ադրբեջանական կողմը «այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տատանումներ է տեսնում»։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։