ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը:
«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջանային այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է. կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկելու է տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, որոնելու ուղիներ, աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Armenia Today-ը՝ օգոստոսի 25-ին Ֆիլիպ Ռիքերը դարձել է Պետքարտուղարության ավագ խորհրդականը Կովկասում բանակցությունների գծով։
Բլինկենի խոսքով, Վաշինգտոնից դիվանագետը կդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։
Սա Ռիքերի առաջին տարածաշրջանային այցն է: