Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ-ի հարձակումը ՀՀ սուվերեն տարածքների վրա ունի որոշ պատճառներ: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատճառներից մեկը, նրա խոսքով, Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացն է: Փաշինյանը նշեց, որ այս տարվա մարտին Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 կետերին հայկական կողմի արձագանքն այն էր, որ առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը պետք է լրացվեն, և այդ հենքի վրա պատրաստ են բանակցություններ վարել ու ստորագրել պայմանագիր:
«Թվում էր, որ թեմայի շուրջ կար որոշակի ընկալում, սակայն բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մե՛ր առաջարկած սկզբունքների հիման վրա»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ դրանց մեջ կար եռակողմ 3 պայամանագրերի սկզբունքների պահպանմանը, Արցախի ժողովրդի իրավունքներին, անվտանգությանը և դրանից բխող կարգավիճակին վերաբերող կետեր:
Վարչապետի պարզաբանմամբ՝ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ բանակցելուց, քանի որ իր դիրքորոշմամբ՝ Ղարաբաղյան հարցը լուծված է, դա իրենց ներքին խնդիրն է, որը չեն ուզում քննարկել Հայաստանի հետ:
Փաշինյանն ասաց՝ պարզ չէ, թե սահմանների փոխադարձ ճանաչում ասելով Բաքուն նկատի ունի՞ նաև ՀՀ այն տարածքները, որոնք, օրինակ, օկուպացրել է 2021թ. մայիսի 12-ի ներխուժման արդյունքում կամ առաջին պատերազմի ժամանակ: Հարցը միանշանակ արձագանք չի ստացել:
Վարչապետն անկեղծանում է՝ բանակցությունների ժամանակ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսելիս ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ համատեքստում որոշոկի խնդիրներ բարձրաձայնել՝ «ապօրինի ձևով ՀՀ հանձնված որոշ տարածքների վերաբերյալ», որի մասին խոսում են իրենց ելույթներում: Այդ տարածքները թվարկելիս երբեմն սկսում են Նռնաձորով, շարունակում են Սյունիքով և ավարտում են մայրաքաղաք Երևանով:
Ղարաբաղյան հարցն ադրբեջանցիները համաձայն են քննարկել ԼՂ հայազգի ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանի սահմանադրության հիման վրա:
«Այլակերպելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Ադրբեջանը խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին: Մեր դիրքորոշումը եղել և շարունակում է մնալ հետևյալը՝ մեր տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք, նույնիսկ՝ շահագրգռված ենք ՀՀ-ով ճանապարհների բացմանն ու ապաշրջափակմանը»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ադրբեջանական հավակնությունների մասինէ Փաշինյանը հիշեցրեց՝ բազմիցս են հայտարարել, որ բանակի ամրապնդմանն ուղղված ցանկացած քայլ Ադրբեջանի նախահարձակ գործողությանը կհանգեցնի: Սակայն վարչապետն ասաց՝ բանակի բարեփոխումները մեր տարածքային հավակնությունների համար չեն, այլ լոկ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:
Սադրանքի պատճառներից մեկը Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հաջողություններն են՝ հիշատակելով տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանի զբաղեցրած բարձր հորիզոնականը:
«Այս գործողություններով Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ն կարող է զարգանալ մեծ տեմպերով ու ապահովել ՀՀ և ԼՂ անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: