Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում սեպտեմբերի 13-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ խնդրելով աջակցել իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին և ՀԱՊԿ-ին համապատասխան: Ակնկալում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 13-ին Մոսկվայում ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի մասով՝ հայ -ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, սակայն տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: