Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին այսօր բանակցություններ են վարում Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում: Նշվում է, բանակցությունների օրակարգում նաև տարածաշրջանային անվտանգության հարցերն են՝ իրավիճակը նաև Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Սպասվում է, որ գլխավոր թեմաներից մեկը կդառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ քննարկումը:
«Բացի այդ, հանդիպման օրակարգում են երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, ներառյալ սիրիական կարգավորումը, իրավիճակը Աֆղանստանում և Հարավային Կովկասում»-ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: