Այսօրվա դրությամբ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կան նաև բազմաթիվ վիրավորներ։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանական ԶՈւ-ը ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Զինանձնակազմն անձնուրացաբար կռվել է ու զոհել իր կյանքը հանուն հայրենիքի, ասաց Փաշինյանն ու կառավարության մյուս անդամների հետ մեկ րոպե լությամբ հարգեց զոհերի հիշատակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։