Ռուսաստանի հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին։ Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։
«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարևոր է միանշանակ գնահատական տալ»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։
«Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու եմ մեր ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», – մեջբերել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը:
Հիշեցնենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար էր հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը նաև 50 միլիոն դրամ էր փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի: