Վերջին էսկալացիայի կանգեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ չի կարելի թերագնահատել մյուս երկրների ու հատկապես ՌԴ-ի դերը, բայց ԱՄՆ-ն ամենամեծ դերն է ունեցել։
Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին, Սիմոնյանն ընդգծել է, որ վերջինս իր հրավերով է գալիս Հայաստան։ «Դա մեր քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ է, դա գնահատական է Հայաստանի ժողովրդավարությանը», – նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ այցը հատկապես կարևոր է անվտանգային առումով։
Սիմոնյանն իր դժգոհությունն է հայտնել ՀԱՊԿ-ի գործունեության առնչությամբ։ «Մենք շատ դժգոհ ենք, այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Մենք շատ երկար չենք կարողանալու բացատրել մեր ժողովրդին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի անում այն, ինչ նախատեսված է։ Եվ բնական է, մենք դրանից հետևություններ ենք անելու, անում ենք և արդեն արել ենք»,-նշեց նա։
Սիմոնյանը նշեց, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների մակարդակով։
«Ես զարմացած եմ, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ի՞նչ մարտավարություն է դա և ինչի՞ համար»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։