Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցին։
Նա նշել է, որ այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է: Այն տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին):
Սարգսյանը գրում է նաև, որ ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել): «Իհարկե նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ)»,- նշել է միջազգայնագետը:
Նա հավելում է, որ ամենակարևորը այն է, որ երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին այդուհանդերձ գալ Հայաստան և մենք պետք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթե ունակ ենք):
«Ի դեպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մոտ մեկ ամիս առաջ) առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունել են, թե ոչ՝ տեղյակ չեմ»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցենք, որ Փելոսին հաստատել է սեպտեմբերի 17-ի իր այցը Հայաստան՝ հայազգի երկու գործընկերների ուղեկցությամբ։ Փելոսին պնդում է, որ այցը նախապես ծրագրված է եղել, և դա «պատասխան է հայկական կողմի երկարամյա առաջարկին»։