ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունման հարցում։ Բանաձեւն ընդունվել է Նենսի Փելոսիի՝ որպես խոսնակ պաշտոնավարելու երկրորդ ժամկետում։
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, հանդես կգա մամուլի ասուլիսով։