Մենք արդյունավետ քննարկում ունեցանք, վերահստատեցինք մեր՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում գտնվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ անդրադառնալով ասուլիսին նախորդած հանդիպմանը՝ ՀՀ ԱԺ նախագահի հետ:
«Մեր այցից առաջ ՀՀ ինքնիշխան տարածքենրի, ՀՀ սահմանների ուղղությամբ հարձակում տեղի ուենցավ: Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ: Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ Կոնգրեսի անունից: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ ու վաղուց նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին ու ցանկանում ենք ձգտել, որ ԼՂ հակամարտությունը տևական լուծում ունենա»,-ասաց Փելոսին:
Հիշեցնենք, որ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Սա պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան: Ըստ նրա գրասենյակի հաղորագրության՝ Փելոսին հանդիպում կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ: Հավելենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը վերադարձրել է հայ 32 զինվորականների մարմիններ: Ադրբեջանը հայտնել է իր կողմից 77 զոհի մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։
Մանրամասները՝ տեսանյութում: