ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին փակ հանդիպում է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ։
Քննարկվել են ադրբեջանական ԶՈւ ագրեսիայի, ինչպես նաև Բաքվում գտնվող հայ ռազմագերի վերաբերյալ հարցեր։
«Մենք շատ հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ և ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին»,– նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Կոնգրեսականները վստահեցրել են` միայն հայտարարություններով չեն սահմանափակվի, ԱՄՆ վերադառնալուց հետո քննարկումներ կունենան։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնել է, որ հանդիպման տևական մասը վերաբերել է ԼՂ հակամարտության խնդրին, Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանը։
Նշենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով Հայաստանում էր։ Այսօր ավելի վաղ Փելոսին եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այնուհետև ՀՀ ԱԺ-ում հանդես է եկել մամուլի ասուլիսով։