Ռուսաստանը պատրաստ է ողջունել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանն իրական նպաստելու ցանկացած փորձ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ երկուշաբթի օրը մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքերով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը: Այս ամենը կարելի է ողջունել, իսկ իրականությունը կարո՞ղ է նպաստել նման աղմկահարույց գործողությունների և հայտարարությունների նորմալացմանը, տեսնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 32 մարմին։ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փոխանցմամբ՝ քաղաքացիական անձանց շրջանում 2 զոհ ունենք։
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։