«Հրապարակ»-ը գրում է, որ ընդդիմադիր խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Կոնգրեսականներն ասել են, որ նախ Հայաստանը պետք է ձեւակերպի, թե ինչ աջակցություն են ակնկալում իրենցից։ Ընդդիմադիրների հանդիմանություններին, որ միայն դատարկ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք է նաեւ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կրկին հստակ պատասխաններ չեն տվել՝ ասելով, թե վերադառնալով ԱՄՆ` այս բոլոր հարցերն ավելի հանգամանալից կքննարկեն։
Թերթը գրում է նաև, որ բոլոր կարեւոր հարցերին կոնգրեսականները լղոզված պատասխաններ են տվել, դիցուք` Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու հարցին ինչ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն։ Իսկ երբ կոնգրեսականները բացատրել են, թե ինչու են աջակցում գործող իշխանություններին` որ պաշտպանում են 2018-ից հետո Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը, ընդդիմադիրները նախ հետաքրքրվել են, թե որտեղ է այդ ժողովրդավարությունը, որն իրենք չեն տեսնում, ապա հատ-հատ թվարկել են իշխանության կողմից այն բոլոր ճնշումներն ու ռեպրեսիաները, որոնք իրականացվում են ընդդիմադիրների, անհնազանդ ՏԻՄ ղեկավարների, լրագրողների եւ այլոց նկատմամբ։ Կոնգրեսականները զարմացած լսել են ընդդիմադիրներին՝ խոստանալով ճշգրտումներ անել այս կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 18-ին փակ հանդիպում է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ։ Քննարկվել են ադրբեջանական ԶՈւ ագրեսիայի, ինչպես նաև Բաքվում գտնվող հայ ռազմագերի վերաբերյալ հարցեր։