ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին կոչ է արել հանդիպել եւս մեկ անգամ մինչեւ ամսվա վերջ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Փրայսի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա քայլերը: Նրա խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին ռազմական գործողություններից հետո առաջին ուղիղ բանակցությունների համար։
Փրայսը նշել է, որ Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհերի համար և ընդգծել հետագա մարտական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ կարևորելով խաղաղ գործընթացին վերադառնալը։
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անթույլատրելի են, իսկ հետագա էսկալացիաները կանխելու նպատակով պետք է գործի դրվեն միջազգային մեխանիզմներ։ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հումանիտար հարցերի շուտափույթ կարգավորումը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը։ Միրզոյանը վերահաստատել է հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում ներգրավված լինելու հայկական կողմի պատրաստակամությունը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: