Փոխվարչապետից մինչև համայնքի ղեկավար հերքում էին, թե ադրբեջանցիները մեր դիրքերում են: Այս մասին իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նկատեց, որ այժմ հենց այդ դիրքերից է, որ ադրբեջանական ԶՈւ-ն թիրախավորել է ՀՀ ինքնիշխան տարածքները, խաղաղ բնակավայրերը:
Նա նշեց, որ այն ժամանակ, երբ դեռ ՄԻՊ պաշտոնում էր և այց էր կատարել սահմանամերձ վայրեր, հասկանալի էր, որ ադրբեջանցին շարունակում է ցեղասպան քաղաքականությունը: «Եկել մեր հողում նստել էր, որ մեր գեղատեսիլ բնությամբ հիանա՞, հարցնում է Թաթոյանը՝ շարունակելով. «Ո՛չ, այն ժամանակվանից էլ պարզ էր, որ թշնամին ունի հստակ նպատակ»:
Թաթոյանը մատնանշեց պետական քաղաքականության ահետևողականությունը: Ասաց, որ պետական մակարդակով անգամ հերքվում էր, թե ինչ է կատարվում իրականում: Նրա խոսքով՝ կարծես պետական այրերն իրենք օրինականացնեին մեր տարածքում հակառակորդի ամրացումը: Այն, ինչ հող է նախապատրաստել թշնամու այսօրվա ագրեսիայի համար:
«Այսօր շահագրգռվածություն կա ոչ միայն կատարվածը չբացահայտելու համար, այլ ամեն ինչ արվում է չբացահայտելու կատարվածը»,- ընդգծեց Թաթոյանը՝ հավելելով, որ պատճառը քաղաքական շահերն են, որոնք մեր երկրի շահերին լուրջ վնաս են տալիս:
Շարունակելով մեղադրանքների շարքը՝ Թաթոյանն ասաց, որ այս իշխանություններին ՀՀ քաղաքացիները չեն տվել մանդատ հակառակորդի հանցավոր արարքները արդարացնելու, խաղաղության օրակարգի կեղծ թեզի տակ գյուղեր ու քաղաքներ դնել վտանգի տակ:
Այս ամենի ֆոնին նախկին ՄԻՊ-ը վերահաստատեց ակտիվ հանրային գործունեություն ծավալելու իր հայտարարությունը, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր: Նրա խոսքով՝ ստեղծել է կազմակերպություն, որը կոչվում է «Իրավունքի և արդարության կենրոն Թաթոյան հիմնադրամ»: