ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարաքծի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ առանձնահատուկ նշելով միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:
Հայկական կողմը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: ԲլինքենԵռակողմ հանդիպումՄիրզոյան-Բայրամով