ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով Հարավային Կովկասում առկա լարվածությունը, հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:
Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության խթանմանը և օգնում է հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: