Ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման հաղորդավար Անատոլի Կուզիչևը ներողություն է խնդրել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ «վերապահման» համար:
Հաղորդման եթերում սեպտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման քննարկման ժամանակ նա հայտարարել էր, որ բախումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Կուզիչևը հաջորդ օրը ներողություն է խնդրել՝ նշելով, որ «սխալվել է»։ Նա ընդգծել է, որ հաղորդման մեջ խոսքը հենց Հայաստանի տարածքի մասին էր։ Նա նաև հայերեն լեզվով շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: