Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաղաքական և տնտեսական գործոնները չափազանց արագ են փոխվում։ Բայց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ ուժեղ և բարգավաճ hայրենիքը աշխարհասփյուռ հայության հենարանն ու հպարտությունն է։ Այս մասին ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ Անկախության օրվա ուղերձում:
«Շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Ես հավատում եմ Հայաստանի հատուկ առաքելությանը։», – ասվում է ուղերձում:
Կարապետյանն ասում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները և պետք է այժմ միասնական լինի:
«Մեր փոքր ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը, հոգևոր ու բարոյական արժեքները և անկախ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով այսօր բոլորիս ուժ եմ մաղթում եւ ուզում, որ միավորենք յուրաքանչյուրիս ջանքերը մեր երկրին օգնելու համար»:
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը նշել է, որ դեռ շատ խոչընդոտներ ունենք հաղթահարելու, բայց միայն միասնական լինելով կրկին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել բարգավաճման և խաղաղության՝ հանուն մեր երկրի ապագայի։
Նա երախտագիտությամբ է դիմում հայ սահմանապահներին, որոնք այսօր մեր սահմաններն են հսկում:
«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր այժմ պաշտպանում են մեր սահմանները, պաշտպանում են Հայաստանի անկախությունը։ Դուք ամենից լավ գիտեք այս տոնի արժեքը, ձեր շնորհիվ ապահովվում է պետության անվտանգությունը և մարդկանց խաղաղ կյանքը»:
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել համայն հայությանը Անկախության օրվա առթիվ և հույս հայտնել, որ մոտ ապագայում էլ ավելի շատ մարդիկ ամբողջ աշխարհում կիմանան մեզ բնորոշ տաղանդների, աշխատասիրության, իմաստության և ստեղծագործ էներգիայի մասին, ասվում է Կարապետյանի ուղերձում: